Էլեն Ասատրյանի հայտարարությունը
Updated: Jun 9, 2022
Գլենդելի քաղխորհրդի ընտրությունների հաշվարկը դեռ շարունակվում է:
Հարգելի ընկերներ եւ աջակիցներ,

շնորհակալություն: Ձեր աջակցությունն ու հավատն իմ հանդեպ մեր քարոզարշավի մղիչ ուժն էր: Առանց ձեզ մենք չէինք կարողանա թակել բոլոր դռները, հեռաձայնել բոլոր ընտրողներին, խոսել մեր բոլոր հարեւանների եւ գործարարների հետ եւ կիսվել նրանց հետ մեր համոզմունքով, որ Գլենդելն արժանի է լավագույնին:
Ընտրությունների օրն ավարտվեց, սակայն քաղաքը բարելավելու մեր ջանքերը պետք է շարունակվեն եւ կշարունակվեն: Գլենդելի քաղխորհրդի թեկնածուների առաջատար քառյակին տրված քվեների թվերը չափազանց մոտ են միմյանց: Դեռեւս զգալի քանակի քվեաթերթիկներ կան հաշվելու եւ մեզ տեղեկացրել են, որ ընտրությունների վերջնական արդյունքը պարզ կլինի մինչեւ այս ամսվա վերջ, կամ ավելի ուշ։
Մենք անցկացրեցինք պատմական արշավ՝ կապ հաստատելով մեր քաղաքը ձեւավորող տարբեր համայնքների հետ: Ես երախտապարտ եմ, որ հանդիպել եմ Գլենդելը սիրող այդքան հրաշալի մարդկանց: Ես լսեցի նրանց խնդիրներն ու մտահոգությունները կապված վարձավճարների եւ կոմունալ ծառայությունների վճարների բարձրացման, երթեւեկության եւ հետիոտնի անվտանգության, կանաչ տարածքների բացակայության, բնապահպանական արդարության եւ հանրային առողջության մասին, ինչպես նաեւ փոքր բիզնեսների հաջողության համար առկա խոչընդոտների մասին: Նշված խնդիրներից շատերի պատճառով էր, որ ես որոշեցի առաջադրվել:
Անկախ վերջնական արդյունքից, մենք կշարունակենք միասին աշխատել որպեսզի կառուցենք մի քաղաք, որը կաշխատի բոլորիս համար, քաղաքապետարան, որը կլսի եւ կաջակցի իր բնակիչներին եւ փոքր բիզնեսին, ինչպես նաեւ նախաձեռնող կլինի դիմակայելու քաղաքի բազմաթիվ մարտահրավերներին: Ես նախկինում աշխատել եմ այս հարցերի լուծման ուղղությամբ եւ մենք դեռ կշարունակենք աշխատել դրանց վրա միասին: Իմ նախընտրական արշավի առանցքը ես չէի, այլ՝ մեր քաղաքի մարդիկ եւ փոքր բիզնեսները:
Շնորհակալություն բոլոր թեկնածուներին, ովքեր համարձակություն ունեցան քայլ անել եւ առաջադրել իրենց գաղափարները։
Դժվար է բառեր գտնել համարժեք արտահայտվելու, թե որքան երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին, աջակցեցին եւ իրենց ներդրումն ունեցան իմ արշավի ընթացքում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ քարոզարշավի ղեկավար Մելանի Օհանյանին եւ արշավի համար մեծ ոգեւորությամբ աշխատող երիտասարդներին, ուսանողներին եւ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր կամավոր հիմունքներով մասնակցեցին իմ ընտրապայքարին: Ես ոգեշնչված եմ Ձեզանով։ Ինչպիսին էլ լինի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքը՝ դուք բոլորդ հաղթող եք:
Ես անհամբեր սպասում եմ մեր առաջիկա համատեղ գործունեությանը՝ միասին կամուրջներ կառուցելու եւ Գլենդելն ապրելու, աշխատելու եւ ժամանցն անցկացնելու համար լավագույն քաղաքը դարձնելու ուղղությամբ:
Առաջ եւ վեր,

Էլեն Ասատրյան
