top of page

ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՐԿՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԷԼԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ


Գլենդել, Կալիֆորնիա։ - Կանանց ազգային քաղաքական միությունը և Փասադենայի ու Սան գաբրիել հովտի Ընտանիքի պլանավորման խորհուրդը պաշտոնապես հայտարարել է Գլենդելի քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններում Էլեն Ասատրյանին աջակցելու մասին։ Էլենը նաև միակ կին թեկնածուն է, ում աջակցում է Ընտանիքի պլանավորման խորհուրդը։ «Մենք շատ ոգևորված ենք Էլեն Ասատրյանի համար՝ որպես Գլենդելի քաղաքային խորհրդի թեկնածու,- նշում է NWPC-ի նախագահ դոկտոր Քեթի Քլարկը՝ կարևորելով Էլենի նվիրվածությունը հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության գործին։-Հանուն կանանց Էլենի կատարած հսկայական աշխատանքը՝ ներառյալ ընտանեկան բռնության դեմ պայքարը, վերարտադրողական ազատությունը, հավասար վարձատրությունը և արդար ներկայացվածությունը, համընկնում է այն խնդիրների հետ, որոնք ծայրահեղ կարևոր են ինչպես մեզ համար, այնպես էլ մեր համայնքների շատ կանանց համար։ Մենք գիտենք, որ ընտրվելու դեպքում նա կշարունակի մնալ կանանց իրավունքների պաշտպան»:


Փասադենայի և Սան Գաբրիել հովտի Ընտանիքի պլանավորման խորհուրդի նախագահ Շերի Բոներն արժևորում է Էլենի՝ կանանց և վերարտադրողական ազատության համար կատարած աշխատանքն ու դրա ջատագովը լինելը։ «Մենք հպարտությամբ ենք աջակցում Էլենին,-նշում է Շերի Բոները։- Էլենը ցույց է տվել իր նվիրումը՝ պաշտպանելու և ընդլայնելու վերարտադրողական առողջապահության հասանելիությունն իր համայնքում և ունի մեր անդամների անմնացորդ աջակցությունը»:


Այս ընտրությունները տարբեր իմաստներով կարող են դառնալ «առաջին» ինչպես ընդհանուր Գլենդել քաղաքի, այնպես էլ, մասնավորաբար, կանանց համար։ Ընտրվելու դեպքում Էլենը կդառնա պատմության մեջ առաջին ներգաղթյալ, ամերիկահայ, ամենաերիտասարդ կինը, ինչպես նաև Գլենդելի պատմության մեջ միայն 5-րդ կինը, ով ծառայել է Գլենդելի քաղաքային խորհրդում:

«Ես շնորհակալ եմ Փասադենայի և Սան Գաբրիել հովտի Planned Parenthood Advocates և The National Women’s Political Caucus-ին այս անվերապահ աջակցության համար։ Կանանց ու աղջիկներին հուզող խնդիրների շուրջ նրանց կատարած աշխատանքն իմ սրտին միշտ մոտ ու ինձ միշտ հոգեհարազատ է եղել։ Մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է բարձրաձայնել կանանց մտահոգող հարցերը, ջարդել առկա պատնեշները և ապահովել, որ կանայք հավասարապես նստեն սեղանի շուրջ,- ասում է Էլեն Ասատրյանը։-Առողջապահության հավասարության, հավասար վարձատրության և հավասար ներկայացվածության համար պայքարն իրական է, և թեև մենք երկար ճանապարհ ենք անցել, այնուամենայնիվ դեռ շատ աշխատանք կա առջևում: Հուսով եմ, որ իմ քարոզարշավը կոգեշնչի նաև այլ երիտասարդ կանանց՝ քաղաքացիական ակտիվության համար: Ես անհամբեր սպասում եմ՝ իմ ներդրումը բերելու այդ ճանապարհը հարթելու գործում։

Էլենի պայքարը կանանց խնդիրների լուծման համար միշտ եղել է նրա քաղաքական և հասարակական գործունեության առանցքային մասը։ Լինելով ներգաղթյալ, ապա նաև փոքրամասնություն կազմող համայնքի ներկայացուցիչ՝ Էլենը խորությամբ պատկերացրել և առնչվել է կանանց առջև ծառացած մարտահրավերներին: Որպես համայնքային առաջնորդ, իրավապաշտպան, քաղաքային հանձնակատար և փոքր բիզնեսի սեփականատեր, Էլեն Ասատրյանն ավելի քան երկու տասնամյակ կամուրջ է հանդիսացել բնակիչների, ձեռնարկատերերի և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև։

Նրա բազում նախաձեռնություններ, որ ապացուցված արդյունավետություն են ցուցաբերել, ներառում են՝

  • Գլենդելի ընտանեկան բռնության դեմ պայքարի աշխատանքային խմբի ստեղծում,

  • սեռական ոտնձգությունների և ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկման համագործակցությունների ստեղծում,

  • վերարտադրողական իրավունքների, հավասար վարձատրության, և հավասար հնարավորությունների խորհրդատվական ծառայություններ,

  • երիտասարդների համար գործնական աշխատանքի և կրթաթոշակային ծրագրերի հիմնում;

  • բազմաթիվ երիտասարդ կանանց և աղջիկների համար կրթադաստիարակչական աշխատանքների իրականացում,

  • կանաչ տարածքների ընդլայնման և ծրագրերի հասանելիության ապահովում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար՝ որպես Գլենդելի զբոսայգիների, հանգստի և համայնքային ծառայությունների հանձնաժողովի նախագահ և այլն։


Էլենը պարգևատրվել է Կալիֆորնիա նահանգի Սենատի, Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից՝ կանանց, անապահով բնակչության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր կատարած աշխատանքի և նվաճումների համար։ Ի թիվս բազում այլ պարգևների նա նաև արժանացել է 2021 YWCA Glendale Social Justice Award, 2018 CA 25th Senate District’s Young Woman Entrepreneur Awards և 2010 Armenian American Commerce Chamber of Woman in Service մրցանակներին:

Այս քարոզարշավի ընթացքում Էլենի համար կանանց խնդիրները կարևորագույն առաջնահերթություններից են՝ ի ցույց դնելով բոլոր քաղաքային խորհուրդներում հավասար ներկայացվածության անհրաժեշտությունը, վերականգնելով Գլենդելի կանանց կարգավիճակի հանձնաժողովի լիազորությունները, որոնք վերջին տարիներին դադարեցվել էին, ինչպես նաև քաղաքապետարանում հավաքագրման և առաջխաղացման պրակտիկաների գնահատումը: Այս պահին Գլենդելում չկան բաժանմունքների կին ղեկավարներ, ինչը տագնապալի է և հուշում է ավելի մեծ համակարգային խնդիրների մասին:

NWPC-ն և Planned Parenthood Advocates-ը վերջինն են այն բազմաթիվ ազդեցիկ կառույցների և անհատների ցանկում, ովքեր հայտարարել են Էլենին աջակցելու մասին: Պաշտոնական աջակիցների շարքում են նաև Լոս Անջելեսի շրջանի Աշխատանքի ֆեդերացիան, Գլենդելի հրշեջ ծառայությունը, Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն և այլոք:


Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Գրանցված ընտրողները քվեաթերթիկը փոստով կստանան մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Իսկ նրանք, ովքեր դեռ գրանցված չեն, քվեարկելու համար կարող են գրանցվել lavote.gov կայքում:


Էլեն Ասատրյանի քարոզարշավին մանրամասն ծանոթանալու, ներգրավվելու և աջակցելու համար այցելեք www.electelen.com: Սոցիալական ցանցերում Էլենին աջակցելու համար միացեք նրան Facebook-ում, Instagram-ում և Twitter-ում @ElenAsatryan


###


0 views0 comments
bottom of page